Ապրիլի 2-ին Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Աջակցման Խորհուրդի նիստերի դահլիճում կայացավ Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փոխանակման հիմնադրամի «Արմիքս» ստեղծման նախաձեռնող խմբի նիստը և հիմնադիր ժողովը: Հիմնադրամի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջև հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը և նվազեցնել այդ ծառայությունների գինը:
Ժողովի ընթացքում տեղի ունեցան հիմնադրամի կառավարման (հոգաբարձուների) խորհրդի ընտրություններ: Քվեարկությամբ ընտրվեցին նախագահ, տնօրեն և խորհրդի անդամ ընկերություններ: Խորհրդի մեջ ներգրավված են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), «Ինտերնետ հանրություն» հ/կ, «Արմինկո», «Օրանժ Արմենիա», «Ջի Էն Աի Ալֆա», «Վեբ», «Յուքոմ», «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունները: Խորհրդի անդամների միաձայն ընտրությամբ նախագահ դարձավ «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, իսկ տնօրեն նշանակվեց ԻՏՁՄ կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը:
Ժողովին հրավիրված էին նաև «ԱրմենԹել», «ՎիվաՍել», «Ֆայբերնետ» և այլ հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններ, որոնց ներկայացուցիչները, ցավոք սրտի, չներկայացան ժողովին: Հիմնադրամի ղեկավարությունը ակնկալում է մոտ ապագայում, ինչպես վերը նշված ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների միացումը նախաձեռնությանը:
Նիստին նաև ներկա էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, որը ողջունեց նախաձեռնությունը և պարտաստակամություն հայտնեց սերտ համագործակցություն սկսել ստեղծվող կառույցի հետ:
Նշենք, որ հիմադրամի ղեկավարությունը գալիք ՏՏ ԶԱԽ նիստին ՀՀ վարչապետին կներկայացնի ոլորտի զարգացման վերաբերյալ Արմիք հիմնադրամի շուրջ միավորված հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների կողմից մշակված առաջարկները: